Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է։ Այդ մասին հունական «Էթնոս» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու վերաբերյալ որոշումը, Նալբանդյանն ասել է. «Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ հետեւում ենք Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»։
Նրա խոսքով, Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ «Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտանգության եւ խաղաղության հաստատման համար»,- նշել է նախարարը։




























