Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անձամբ կմասնակցի դեկտեմբերի 21-ին անցկացվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին, որի ժամանակ կքննարկվի Երուսաղեմի մասին բանաձեւը, որն ավելի վաղ Անվտանգության խորհուրդը մերժել էր ԱՄՆ վետոյի պատճառով: Այս մասին հայտնում է Milliyet-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Նյու Յորք կմեկնի նաեւ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին:
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ժամանակն է Երուսաղեմը ճանաչել հրեական պետության մայրաքաղաք եւ Թել Ավիվից այնտեղ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը: Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ն վետո էր դրել բանաձեւի վրա, որում նշված էր ցանկացած որոշման ապօրինի բնույթը, «որը փոխում է կամ փոփոխություն նախատեսում Երուսաղեմի կարգավիճակում եւ ժողովրդագրական կազմում»: Բանաձեւը բոլոր երկրներին կոչ էր անում «ձեռնպահ մնալ Երուսաղեմում դիվանագիտական առաքելություններ ստեղծելուց» եւ ՄԱԿ որոշումներին հակասող «ոչ մի գործողության կամ միջոցառման կոչ չանել»:
ԱՄՆ-ն ԱԽ անդամ 15 երկրներից միակն էր, որը փաստաթղթին դեմ էր քվեարկել:
ՄԱԿ կանոնների համաձայն՝ Գլխավոր ասամբլեան կարող է «խաղաղության սպառնալիքների, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի դեպքերում միջոցառուներ ձեռնարկել, եթե Անվտանգության խորհուրդը ի վիճակի չէ գործելու մշտական անդամներից մեկի դիրքորոշման պատճառով», նշված է ԳԱ կայքում: Նման դեպքերում արտահերթ նստաշրջան է հրավիրվում:




























