Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 11-ին հանդիպելով «Վալդայ» ակումբի անդամների հետ, նրանց պատմել է, որ իրենք Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվելու են, թե իրենցից ով է լինելու Ռուսաստանի նախագահը 2012 թվականի ընտրություններից հետո:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, այդ հանդիպման ժամանակ Համաշխարհային անվտանգության ինստիտուտի (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Զլոբինի հարցին, թե «արդյո՞ք Վլադիմիր Պուտինը մրցակցություն կստեղծի Դմիտրի Մեդվեդևին՝ 2012թ. նախագահական ընտրություններին», Պուտինը պատասխանել է. «Իսկ դու՞ք հիշում եք, թե մենք ինչպես ենք մրցակցել 2008 թվականին: Ոչ, մենք չենք մրցակցել: Եվ 2012թ. ևս չենք պայքարի: Մենք կպայմանավորվենք: Մենք հասկանում ենք իրար. մենք „նույն խմորից ենք“: Կնստենք և կպայմանավորվենք` ելնելով ստեղծված իրավիճակից»:
Թերթը գրում է, որ այս խոստովանությունը բոլոր շանսերն ունի դառնալ պատմական:
Հիշեցնենք, որ նույն Զլոբինն էր, որ երեք տարի առաջ Սոչիում խնդրել էր Պուտինից՝ ստորագրել գրության տակ, որ երրորդ անգամ չի դառնա Ռուսաստանի նախագահ, եւ այդ գրությունը մինչ օրս Զլոբինը պահում է, թեեւ այն կորցրել է իր «շուկայական արժեքը»:



















