«Սերժ Սարգսյանը չի հավակնել վարչապետի պաշտոնին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Չեմ կարծում, որ նման հավակնություններ ունի, և մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք: Քննարկումը ծավալելու ենք մեր թեկնածուների, ոչ թե առանձին անձերի շուրջ, քննարկելու ենք, թե ում թեկնածությունն ենք առաջադրելու: Դեպքերից առաջ մի՛ ընկեք, եթե մի բան չի քննարվել, չեմ կարող կուսակցական դիրքորոշում հայտնել»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պաշտոնում է տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլից հետո, ասաց. «Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք, կգա ժամանակը, կասեմ, ես իրեն տեսնում եմ ՀՀԿ առաջնորդ, իսկ մնացածն ածանցյալներ են։ Դուք ուզում եք, որ մենք անուններ տանք, բայց ասեմ, որ մենք ընտրության բավականին հնարավորություններ ունենք: Բայց ինքներդ արդեն նշեցիք, թե ինչ արժանիքներ պետք է ունենա ապագա վարչապետը, այդ շրջանակում դրա գնահատականը կտանք»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ արժանիքնեը չունի՞, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Եթե մենք Կարեն Կարապետյանի մոտ արժանիքներ չտեսնեինք, մենք նրան չէինք վստահի վարչապետի պաշտոնը, և նա հիմնականում իր լիազորությունների շրջանակում զբաղվել է տնտեսական բլոկով: Մենք կուսումնասիրենք բոլորի նկատառումները, մոտեցումները, կկողմնորոշվենք: 2018-ին կանդրադառնանք այդ թեմային»:




























