«Րաֆֆի Հովհաննիսյանը „Ժառանգությունը“ նվիրեց մի խումբ մարդկանց, իսկ նրանք վարվեցին ճիշտ ստալինյան „տրոյկայի“ գործելաոճով»,- սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպես բնորոշեցին իրենց կուսակիցների վերջին օրերի պահվածքը «Ժառանգության» ներկայացուցիչներ Զոյա Թադեւոսյանն ու Արթուր Սարդարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգության» վարչությունը կուսակցությունից հեռացրել էր Վարդան Խաչատրյանին, Մովսես Արիտակեսյանին, Զոյա Թադեւոսյանին եւ եւս երեք հոգու, որոնց թվում է նաեւ Արթուր Սարդարյանը: Հեռացման որոշման մեջ նշվել է, մասնավորապես, որ Զոյա Թադեւոսյանի աշխատանքը ԿԸՀ-ում անբավարար է: Սակայն վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ հեռացվածները այլ քաղաքական ուժի պատվեր էին կատարում: Ենթադրվում է, որ խոսքը ՀԱԿ-ի մասին է:
Հայտարարելով, որ այն, ինչ ասվել է իրենց մասին, սուտ է, Զ. Թադեւոսյանը նկատեց, որ իրական կեղծարարներն իրենց մեղադրողներն են, ովքեր էլ, ի վերջո, միավորվեցին ու ազատվեցին իրենցից։ Զոյա Թադեւոսյանը համոզմունք հայտնեց, որ Ր. Հովհաննիսյանի հեռանալուց հետո «Ժառանգություն» կուսակցություն, որպես այդպիսին,այլեւս գոյություն չունի, ապա նշեց, որ կուսակցությունում մնացածները ընդամենը գործում են «Ժառանգության» տարբերանշանի տակ։ Նա զարմանալի համարեց փաստը, որ «53 քվեաթերթիկ գրպանից հանող Արմեն Մարտիրոսյանն այսօր կուսակցությունում է, իսկ Ա. Սարդարյանը՝ ոչ»:
Նկատելով, որ իրենց նախկին կուսակիցներն ակնհայտ կերպով թաքնվում են բոլորից եւ որոշումներ կայացնում փակ դռների հետեւում՝ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զ. Թադեւոսյանը հայտարարեց, որ թեպետ ինքը Վանգան չէ, այնուամենայնիվ գուշակում է, թե ինչ ճանապարհով պիտի անցնի կուսակցությունը. «Այն կդրվի աճուրդի, եւ ով ավելի շատ կվճարի…»:
Հարցին, թե ու՞մ է ի վերջո ժառանգել կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանը, Զ. Թադեւոսյանը պատասխանեց, որ կուսակցության նախկին առաջնորդը նամակում նշել է միայն. «Մնացածը թողնում եմ ձեզ։ Վարվեք, ինչպես կուզեք»: Նրա խոսքով, հենց այդ պահից էլ «Ժառանգությունը» փլուզվեց, իսկ մնացողները վարվում են, ինչպես ուզում են։




























