Նիդերլանդները պատրաստ է հոլանդական անձնագիր տալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, եթե քաղաքական գործիչը որոշի հեռանալ Ուկրաինայից եւ փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ հարցում ուղարկի Նիդերլանդների իշխանություններին: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սաակաշվիլին ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացու հետ եւ եթե նա անձնագիր ստանալու համար դիմի, ապա օրենքը կթույլատրի այդ», - Հաագայում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասուլիսում ասել է Զեյլստրան:
Նիդերլանդների արդարադատության նախարարության ներկայացուցիչ Կարին Դոնկը Ֆրանս Պրեսին հաստատել է, որ «Սաակաշվիլիի փաստաբանը ներգաղթի եւ հպատակագրման ծառայությանը (IND) դիմել է Նիդերլանդներում իր հոլանդացի կնոջ հետ վերամիավորման (քաղաքականություն) հնարավորության մասին հարցումով»: IND ծառայությունը հաստատել է, որ Սաակաշվիլին կարող է ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ:
Սաակաշվիլին ավելի ուշ հայտարարել է, որ իրեն Նիդերլանդների վիզան պետք չէ, քանի որ ինքն այդ երկրի քաղաքացիությանը հավակնելու իրավունք ունի, ինչպես նաեւ այլ եվրոպական երկրներից քաղաքացիություն ստանալու առաջարկներ է ստացել:




























