Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 22-ին սրտի վիրահատության չի ենթարկվել:

«Սասուն Միքայելյանի առողջական վիճակը բավարար է եւ համապատասխանում է բուժման ընթացքին:

Տեղեկացնում ենք, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտվելու ընթացքում ստենտավորման է ենթարկվել միայն մեկ անգամ, որից հետո բժիշկների կողմից նշանակվել է հետվիրահատական հետազոտություններ: Վերջին հետազոտությունը դատապարտյալն անցել է դեկտեմբերի 22-ին, որը վիրահատություն չէ»,- ասված է ՔՎ հայտարարության մեջ:

Նորք Մարաշ սրտաբանական կենտրոնի սրտաբան Մերուժան Սաղաթելյանն էլ ասել է, որ Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 22-ին ենթարկվել է կոռոնալ անոթների անգոգրաֆիայի, ինչը անոթների նկարելու պահն է, որն իրենցից ներկայացնում է զուտ դիագնոստիկ միջամտություն»: Այն տեւել է կես ժամ:

Հիշեցնենք, որ «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման «մարտի 1»-ի գործով: Նա այս տարվա փետրվարին սրտի վիրահատություն է տարել. Ստենտավորվել է նրա սրտի անոթներից մեկը: Ներկայումս Ս. Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է: