Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանում կրակ բացած անձը ձեռնարկության նախկին տնօրեն Իլյա Աբերյարովն է: Այժմ նրա հետ բանակցություններ են տարվում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրը:
«Նախնական տվյալների համաձայն՝ դատական կարգադրիչները եւ դիմումատուի ներկայացուցիչները առավոտյան եկել էին գործադիր գործողությունների կատարման համար, այդ թվում նաեւ՝ գույքագրման»,- նշել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ «Մենշեւիկ» գործարանի նախկին տնօրենը հանկարծ ձեռքն է վերցրել «Սայգա» տեսակի հրացանը եւ մի քանի անգամ կրակել հյուրերի ուղղությամբ:
«Կրակոցների հետեւանքով Ալեքսեյ Կոստիկովը տեղում մահացել է: Այժմ պարզվում են սպանվածի այլ անձնական տվյալները»,- նշել է աղբյուրը:
Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել էր, որ միջադեպի ժամանակ սպանվել է 1 եւ վիրավորվել 2 մարդ:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ կրակողը բարիկադավորվել է գործարանի շենքում եւ իրավապահներին թույլ չի տալիս ներս մտնել: «Նա զինված է հրացանով»,- հավելել է աղբյուրը:


























