Մոսկվայի «Մենշեւիկ» գործարանի նախկին սեփականատեր Իլյա Ավերյանովը, որը կրակել էր մարդկանց վրա, հայտարարել է, որ շուրջկալի զոհ է դարձել:
«Կեղծված փաստաթղթերով իմ ձեռքից գործարանը խլեցին, ինձ սնանկացրին»,- ասել է Ավերյանովը Business.FM ռադիոկայանին:
«Ես 8 երեխա ունեմ: Գիտեք, որ ես 4 տարի վախի մեջ եմ ապրում: Նրանք ամեն ինչ գնում են, փաստաթղթեր են կեղծում, կեղծված փաստաթղթերով սահմանափակում են: Այսօր առավոյան աշխատանքի եկա, ինձ սկսեցին գրոհով վերցնել՝ ատրճանակներով, զենքով: Ես հաստիքային զենք ունեմ, եւ այսօր պաշտպանվելու համար կիրառեցի»,- ասել է Ավերյանովը:
Նա ընդունել է, որ մարդու վրա է կրակել. «Մեկին գնդակահարել եմ, իմ կարծիքով՝ ցավոք, մահացու: Ահա այսպիսի պատմություն»:
Մինչդեռ գործարանի աշխատակիցները եւ նախկին աշխատակիցները համացանցային ֆորումներում ընթացիկ տարում գործարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հիմնականում բացասական տեղեկություններ են հաղորդում: Նրանք, մասնավորապես, բողոքում են աշխատավարձը ժամանակին չստանալու, աշխատանքային պայմանների խախտումների, կոտրված տեխնիկայի համար:
Հաղորդագություններից մեկում նշվում է դատախազություն ներկայացնելու համար աշխատակիցների դիմում պատրաստելու մասին՝ Ավերյանովին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով:


























