Նախօրեին ձերբակալված Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւը մեղադրվում է մանր խուլիգանության մեջ:
Նրա փաստաբան Զիբեյդա Սադիղովան Turan-ին հայտնել է, որ 10 օր ժամկետով վարչական կալանքի մասին որոշումը կբողոքարկեն:
Գազիեւը դեկտեմբերի 25-ին է ձերբակալվել: Դեկտեմբերի 26-ին նա 10 օրվա վարչական կալանքի է դատապարտվել: Ըստ որում՝ դատը տեղի է ունեցել առանց նրա հարազատներին ու փաստաբաններին իրազեկելու:
Ոստիկանության հավաստիացմամբ՝ դեկտեմբերի 25-ին Գազիեւը հեռախոսով բարձրաձայն ինչ-որ մեկի հետ վիրճել է եւ անվայելուչ վիրավորանքներ բարձրաձայնել: Նա դատարանում ասել է, որ բոլոր զանգերը հեռախոսի հիշողության մեջ են եւ միջնորդել է դատարան հրավիրել բոլորին, ում հետ այդ օրը հեռախոսով խոսել է, եւ հարցնել, թե նրանցից ում է վիրավորել: Նրա միջնորդությունը չի բավարարվել:
Փաստաբանի խոսքով՝ Գազիեւն իր կալանքը կապում է լրատվամիջոցներին վերջերս տված քննադատական հարցազրույցների հետ: Փաստաբանը նշել է, որ 65 տարեկանից մեծ տղամարդիկ օրենսդրության համաձայն վարչական կալանքի չպետք է ենթարկվեն: Ռահիմ Գազիեւը 74 տարեկան է: Սադիղովան հայտնել է, որ կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնեն:.
Ռահիմ Գազիեւը Ադրբեջանի պաշտպանության նախարարն է եղել 1992 թվականի մարտից 1993 թվականի փետրվար: Ավելի ուշ նա կալանավորվել է պետական դավաճանության մեղադրանքով եւ մահապատժի դատապարտվել, որը հետագայում ցմահ ազատազրկմամբ է փոխարինվել, իսկ հետո՝ 15 տարվա ազատազրկմամբ: Նա 2005 թվականին համաներմամբ ազատվել է:




























