Երեւանում սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը «HUMMER» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս Լարիսայի մահը, Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Նույնատիպ մեղադրանք էլ առաջադրվել է «HONDA»-ի վարորդ Լեւոն Հակոբյանին:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Արթուր Հակոբյանը գրավով ազատ է արձակվել, իսկ Լեւոն Հակոբյանը կալանքի տակ է:

Գործը քննվելու է Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ սեպտեմբերի 5-ին Երեւանի Աճառյան փողոցում Լեւոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարեւան երթեւեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը եւ թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթեւեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետեւ` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետեւանքով «OPEL»-ի ուղեւոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղեւորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լեւոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: