«Ժառանգությունը» հայտարարություն է տարածել «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու եւ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Չանսալով հայասատանյան եւ միջազգային հասարակության հորդորներին եւ պահանջներին, իշխանություններն իրենց կամակատարների միջոցով դեկտեմբերի 16-ին կայացած «մրցույթի» արդյունքում «Ա1+» անկախ հեռուստաընկերությանն այդպես էլ չվերադարձրին նրանից տարիներ առաջ ապօրինաբար խլված եթերը, իսկ դեկտեմբերի 23-ին եթերից զրկեցին նաեւ վերջին անկախ հեռուստաընկերությանը` «ԳԱԼԱ»-ին:

Իշխանությունների այս անխոհեմ եւ ակնհայտորեն ապօրինի քայլերը «Ժառանգությունը» գնահատում է որպես Հայաստանի հեռուստաեթերում խոսքի ազատության ոչ միայն վերջին նշույլները, այլեւ անգամ մոտ ապագայում դրա վերականգնման հույսն իսկ ոչնչացնելուն ուղղված հակաժողովրդավարական գործողություն:

Նման գործերի լույսի ներքո երկրի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության մասին իշխանությունների` վերջերս հաճախացած հայտարարությունները դառնում են կեղծ եւ անհամոզիչ: Ազատ խոսքի հանդեպ գործող իշխանությունների անսքող վախը ցույց է տալիս, որ վարչախումբը որեւէ հետեւություն չի արել ո՜չ 2008-ի մարտի 1-ից եւ ո՜չ էլ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի թողած շեշտակի բարձր ազդեցությունից:

Մինչդեռ ազատ հեռուստաընկերություններն այն իրական եւ ազդեցիկ խողովակները պետք է լինեին, որոնցով ժողովուրդը ոչ միայն կտեղեկանար երկրում առկա խնդիրների իրական պատկերի մասին, այլեւ վերահսկողություն կիրականացներ իշխանություների գործունեության հանդեպ` իրացնելով սահմանադրությամբ իրեն տրված իրավունքը:   

«Ժառանգությունն» իր վճռականությունն է հայտնում` շարունակելու պայքարը հեռուստաեթերում ազատ խոսքի վերականգնման ուղղությամբ եւ բոլոր ջանքերը գործադրելու իշխանությունների կողմից կայացված այս քաղաքական ու ապօրինի որոշումների վերանայմանը հասնելու համար»: