Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով սեպտեմբերի 15-17-ը, պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից, Գագիկ Բեգլարյանի և Յուրի Լուժկովի հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու կրթական, մշակութային, սոցիալական ապահովության, ներդրումային, քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման, մի քանի բնագավառներում երկկողմ կապերի զարգացման հարցերին:

Մոսկովյան բանակցություններից հետո քաղաքապետները մեկնելու են Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ մասնակցելու են Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովին:

Նկատենք, որ դեռեւս Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գագիկ Բեգլարյանի թեկնածուական թեզը, որը նա պաշտպանել է ընդամենը 5 տարի առաջ, գրել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավագիտության ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը: Իսկ հիմա արդեն Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը Մոսկվայի իր գործընկերոջ հետ պետք է քննարկի կրթական ու մշակութային հարցեր: