Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիան, Հայկական Տեխնոլոգիական Ակադեմիան եւ Էկոլոգիայի Անվտանգության Միջազգային Ակադեմիան իրենց վրդովմունքն են հայտնում ԱԼՄ հեռուստաընկերությանը եթերից զրկելու` ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի որոշման առթիվ:
«Մենք չափազանց կարեւորում ենք այլընտրանքային հեռուստաընկերության գոյությունը, ուստի գտնում ենք, որ ԱԼՄ-ի եթերազրկումը մեծ հարված է հասցնում խոսքի ազատությանը մեր երկրում, խոչընդոտում է բազմակարծության լիարժեք դրսեւորմանը եւ սահմանափակում քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը:
Մեր կարծիքով` ՀՌԱՀ-ը «արջի ծառայություն» է մատուցել ՀՀ իշխանություններին` չգիտակցելով, որ իր անարդար եւ կողմնակալ որոշմամբ ավելացնում է ժողովրդի օրեցօր աճող հիասթափությունը եւ առիթ դառնում նոր արտագաղթի:
Մեր համոզմամբ` ՀՌԱՀ-ի կողմից ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկման որոշումը խիստ սուբյեկտիվ է, չի բխում քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության շահերից, ուստի մենք խստագույնս դատապարտում ենք այդ որոշումը եւ մեր զորակցությունն ենք հայտնում ԱԼՄ հեռուստաընկերության ողջ կոլեկտիվին»:





























