Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մարտական ընկերները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Սասուն Միքայելյանի նկատմամբ բժշկական միջամտության վերաբերյալ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը, որտեղ նշվում էր, թե Ս. Միքայելյանին ոչ թե վիրահատել են, այլ հետազոտել:
Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.
«Չստացված հերքում՝ անհասկանալի նպատակների ծառայելու համար
Հայաստանի Արդարադատության նախարարությունը ծիծաղելի մի հաղորդագրություն է տարածել, որից կարելի է եզրակացնել, որ պետական այդ ատյանում ոչ միայն բժշկությունից որեւէ բան չեն հասկանում, այլեւ իրենց չեն փորձում «նեղություն» տալ` պարզելու, թե մարդն ինչ գանգատների դեպքում է անհրաժեշտություն ունենում ստենդավորման կամ զոնդավորման (կորոնոգրաֆիա):
Նախարարությունը հայտարարել է, թե «դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում գտվելու ընթացքում ստենտավորման է ենթարկվել միայն մեկ անգամ, որից հետո բժիշկների կողմից նշանակվել է հետվիրահատական հետազոտություններ»:
Մենք Արդարադատության նախարարության փոխարեն բժիշկներից հետաքրքրվեցինք, թե ինչ գործողություններ են իրականացվում ստենդավորման եւ հետազոտության ընթացքում ու պարզվեց, որ զոնդավորման (կորոնոգրաֆիա) եւ ստենդավորման միջեւ` որպես վիրահատական միջամտություն, տարբերությունը չնչին է: Ստենդավորման դեպքում օգտագործվում են հավելյալ գործիքներ, որպեսզի ներանոթային պրոթեզը տեղավորվի անոթի մեջ, իսկ զոնդավորման դեպքում կատետորը անցկացվում է սիրտը սնուցող անոթի մեջ եւ նյութ է ներարկվում, որը տեսանելի է դարձնում այդ անոթը: Այսինքն` տարբերությունը միայն գործիքի առկայությունն ու բացակայությունն են:
Հատուկ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի համար ընդգծում ենք, որ Սասուն Միքայելյանի տարած վիրահատությունների թիվը շեշտելու ժամանակ անհրաժեշտ է ուշադիր լինել գումարելիներին: Միքայելյանը կալանքի ընթացքում առաջին անգամ դեմքի մասում միանգամից թվով 9 վիրահատության ենթարկվեց «Արմենիա» բժշկական կենտրոնում, որից հետո 7 անգամ վերը նկարագրված 2 գործողությունները միասին վերցված կիրառվել են Սասուն Միքայելյանի նկատմամբ` սրտի համար` արդեն Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնում: Բժշկական այս բոլոր միջամտությունները հաշվի չառնելով, իրավիճակը ստերով շաղախելը պատիվ չի բերում որեւէ չինովնիկի:
Այնպես որ հերքում տարածելուց առաջ լավ կլիներ ուսումնասիրել Միքայելյանի առողջական վիճակը` անհարմար դրության մեջ չհայտնվելու համար:
Սասուն Միքայելյանի մարտական ընկերներ, որոնց ցանկը շատ մեծ է»:





























