Երեւանում հայկական խորհրդարանականները հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ` Հունաստանի արտգործնախարար Դորա Բոկոյանիսի, նույն կառույցի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի, Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Կորինտիոսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերությունների հնարավոր զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ու կայունության եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցերը։

Հանդիպման ժամանակ, նրանք ընդգծել են նաեւ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ դերի կարեւորությունը։ Ազգային Ժողովի պատգամավորները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահության շրջանը կարեւորվելու է, մասնավորապես, տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարմամբ, կայունության ամրակայումով, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ։