Ընդդիմադիր խորհրդարանական ուժերը, իսկ ավելի կոնկրետ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները պետք է միավորվեն Հայաստանում գների բարձրացման դեմ։ Այս մասին հունվարի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողղոսյանը։
Նրա խոսքով՝ գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր անցկացնելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն ողջունելի է, սակայն դա բավարար չէ իշխանությունների գնաճային ճնշումը թեթեւացնելու ուղղությամբ քայլեր նախաձեռնել ստիպելու համար։ «Միայն համախմբվելով ընդդիմադիր ուժերը կարող են լսելի լինել իշխանությունների կողմից։ Ավելին, նրանք հանգիստ չպետք է տան կառավարությանն ու իշխող կոալիցիաային Հայաստանում գների բարձրացման դեմ պայքարում»,-նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ որքան շատ մարդ հանդես գա այս ուղղությամբ, ավելի շատ է հավանականությունը, որ բողոքի ձայնը կհասնի հասցեատերերին։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «Ելք» դաշինքը կազմակերպելու է բողոքի երթ սպառողական շուկայում գների բարձրացման դեմ։




























