Սեպտեմբերի 15-28-ը Սիվիլիթաս հիմնադրամը և «Բիրզամանլար» հրատարակչությունը հրավիրում են «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսին, որի պաշտոնական հովանավորը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն է: Ցուցահանդեսին կներկայացվի Օսմանյան կայսրությունում 1900-1910 թթ. հայ համայնքների կյանքի մասին պատմող Օռլանդո Կալումենոյի հարյուրավոր բացիկների հավաքածուն:

Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, հայ և ոչ միայն հայ հրատարակիչների կողմից և պատմում են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրող հայերի կյանքի, հայկական եկեղեցիների, դպրոցների, հայերին պատկանող բազմաթիվ գործարանների, ճաշարանների, հյուրանոցների և այլ հաստատությունների մասին: Այնթապում, Մարաշում, Զեյթունում, Կեսարիայում, Մուշում, Վանում, Էրզրումում, Կարսում, բազմաթիվ այլ քաղաքներում, գյուղերում ու գյուղաքաղաքներում բնակվող հայերի կենցաղի, զբաղմունքի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների առաքելությունների կողմից հայկական թաղամասերում իրականացված բարեգործական աշխատանքների և պատմական տարբեր վայրերի ու իրադարձությունների մասին պատմող ավելի քան 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որի մայրը հայ էր:

Բացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. հունվարին, Ստամբուլում, «Սիրելի եղբայրս» խորագրով ցուցահանդեսում:

Օսման Քյոքերը հրատարակել է 400 էջանոց գիրք` նվիրված բացիկների հավաքածուին: Ինքը` հեղինակը, բազմիցս խոսել է այն մասին, որ գրքի հրատարակությունը բարդ է եղել, քանի որ որևէ հրատարակչություն չէր ուզում ստանձնել Օսմանյան կայսրությունում հայերի` նման զգալի ներկայության, թուրքական պետության մեջ նրանց ունեցած մշակութային, տնտեսական մեծ ավանդի մասին պատմող բացիկների վերաբերյալ գիրքը: Օսման Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական «Բիրզամանլար» հրատարակչությունը` գիրքը հրատարակելու համար:

Առաջին անգամ երևանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու Թուրքիայում անցյալ դարասկզբին հայկական զգալի ներկայության մասին պատմող այս բացառիկ հավաքածուին: Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունենալու Մոսկվա կինոթատրոնում, ներկա կլինի նաև Օսման Քյոքերը: