Եվրոպական հանձնաժողովը Եվրամիությունից դոտացիաների ստանալը օրենքի գերակայության սկզբունքներին հետեւելուն կապելու հնարավորությունն է քննարկում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է բյուջեի հարցով եվրոպական հանձնակատար Գյունտեր Էթինգերը, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով՝ կա երկու տարբերակ. պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են ԵՄ հիմնական արժեքները կամ նյութական խրախուսումը այն պետությունների համար, որոնք հավատարիմ են միասնական Եվրոպայի օրենքներին: Որոշումը, ըստ նրա, պետք է ընդունվի Գրիգորյան օրացույցով Զատկից առաջ:

Խոսքը Եվրամիության երկարաժամկետ ֆինանսական չափանիշների ձեւավորման մասին է, որոնց հիմքում կլինեն 2021 թվականից ԵՄ բյուջեից վճարումների չափը եւ քաղաքական առաջնահերթությունները, հաղորդում է AFP գործակալությունը:

Էթինգերի խոսքով՝ նման չափանիշների ներդրումը հնարավոր է միայն Եմ բոլոր երկրների աջակցության դեպքում: Սա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ այն երկրները, ում սպառնում են  նման պատժամիջոցները, կարող են արգելափակել որոշումները: