Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները, երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանում կքվեարկեն ՌԴ նախագահական ընտրությունների համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ անդամ Վասիլի Լիխաչյովը, ով վերահսկում է միջազգային համագործակցության հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վրաստանի հետ մենք (դիվանագիտական) հարաբերություններ չունենք: Բայց մենք որոշեցինք Հայաստանում՝ Գյումրիի մեր ռազմակայանում տեղամասեր ստեղծել նաեւ Վրաստանում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան գալ եւ քվեարկել», - լրագրողներին ասել է Լիխաչյովը:

Նրա խոսքով՝ մարտին Հայաստանում՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում, ընտրատեղամասեր կստեղծվեն: Վրաստանի տարածքում քվեարկության համար տեղամասերը չեն բացվի, ասել է Լիխաչյովը: