«Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խմբակցությունը հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների քննարկման նպատակով պաշտոնապես դիմել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդին:
Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 3-ին „Ժառանգություն“ կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված եւ մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք այդ նախաստորագրված արձանագրությունների քննարկմանը նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի հրավիրումը` դրան մասնակից դարձնելով նաեւ խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ մասնագիտական շրջանակներին: Ի հաստատումն մեր այդ դիրքորոշման` Ժառանգություն կուսակցությունը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցությունը դիմում են Ձեզ` ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ միասին նախաձեռնել վերոնշյալ նիստը: Խնդիրը մամուլի ակումբներում, հեռուստառադիոեթերում կամ տպագիր մամուլում քննարկելուց զատ, կարեւոր է նախաստորագրված արձանագրությունների, առկա իրավիճակի ու դրա հետագա զարգացումների համալիր եւ համապարփակ վերլուծությունը պետական ինստիտուտներում»:
«Ժառանգությունը» նաեւ տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների եւ կուսակցության կողմից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:




























