Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ մի քանի տարի հետո Հայաստանում կկառուցվի նոր պղնձաձուլարան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարն ասաց, որ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է արդյունահանվող պղնձի ծավալների մեծացում։

2010 թ. Հայաստանում արտադրվել է 116,4 հազ. տոննա պղնձի խտանյութ, որը 32,6 տոկոսով գերազանցում է 2009 թ. մակարդակը։ Նախարարի կարծիքով՝ եթե արդյունահանման աճի տեմպերը պահպանվեն, մի քանի տարի հետո նոր պղնձաձուլարանի կառուցումը տնտեսապես շահավետ կլինի։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ պղնձաձուլարանի կառուցումը տնտեսապես շահավետ է այն դեպքում, երբ վերամշակման կարողությունը հասնում է առնվազն 200 հազ. տոննա խտանյութի։ Նման գործարան կառուցելու համար նվազագույնը 100 մլն դոլարի ներդրում է հարկավոր։

Նշենք, որ Եվրոպայի խոշորագույն պղնձաձուլարանը վերամշակում է տարեկան 1,2 մլն տոննա պղնձի խտանյութ՝ արտադրելով մոտ 550 հազ. տոննա պղինձ։ Մյուս խնդիրն այն է, որ պղնձի վերամշակման ընթացքում արտադրվում է նաեւ մեծ քանակությամբ ծծմբի թթու, որը հնարավոր չէ պահեստավորել կամ «թաղել»։

Վերջին տարիներին Ֆինլանդիայում մշակվել է փոքր պղնձաձուլարանների կառուցման տեխնոլոգիա։ Ներկայում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը բանակցություններ է վարում ֆիննական կազմակերպության հետ՝ Հայաստանում փոքր պղնձաձուլարան կառուցելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կա գործող պղնձաձուլարան՝ Ալավերդի քաղաքում, սակայն այդ գործարանն աշխատում է բարոյապես եւ ֆիզիկապես մաշված տեխնոլոգիաներով, եւ բնապահպանական լուրջ խնդիրներ է հարուցում շրջակա միջավայրի համար։