Բելգիայի Անտվերպեն քաղաքի կրթության քաղաքային խորհուրդն արգելել է քաղաքի ուսումնական հաստատություններում մահմեդական գլխաշորեր կրել։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2010 թվականի սետեմբերի 1-ից։ Բացառություն է արված միայն հայեցողական եւ փիլիսոփայական ուսումնական հաստատությունների աշակերտների համար, ընդ որում, կրոնական այդ պարագաներ կրելը թույլատրված է «բացառապես պարապունքների ընթացքում»:
Ներկայումս մահմեդական գլխաշորեր կրելու հարցը որոշում է դպրոցի ղեկավարությունը։ Այժմ գլխաշոր կրելն արգելված է Ֆլանդրիայի (Բելգիայի հոլանդախոս հյուսիսային մասը) դպրոցների մոտ 20 տոկոսում:
«Կցանկանայինք խուսափել իրավիճակներից, երբ աշակերտները չեն կարողանա ամբողջությամբ ցուցաբերել իրենց տաղանդը, քանի որ դպրոց կընտրեն ելնելով միայն նրանից՝ թույլատրվա՞ծ է արդյոք այնտեղ քող կրելը»,- ասել է կրթության գծով Անտվերպենի քաղաքապետի տեղակալ Ռոբերտ Վորհամմեն։ Անտվերպենի իշխանությունների որոշմանն արդեն պատասխանել է եվրոպական արաբական լիգան, որը սպառնացել է, թե մոտ ժամանակներս քաղաքում կհայտնվեն մահմեդական առաջին ուսումնական հաստատությունները։
Անտվերպենի իշխանությունների հայտարարությունը հետեւել է այն բանին, երբ Բելգիայի հարավում գտնվող Վերվյե քաղաքի դատարանը սեպտեմբերի 8-ին բավարարել էր 9-10 տարեկան երեք աշակերտուհիների ծնողների գանգատը, որոնց դպրոցում գլխաշորեր կրելն արգելվել էր։ Այդ որոշումը բանավեճի նոր ալիք էր բարձրացրել Բելգիայում՝ եվրոպական հասարակության մահմեդականացման եւ անձնական իրավունքների ու ազատությունների սահմանների առումով։



















