Ջավախքի հայաբնակ Ախալքալաք քաղաքի մանկապարտեզները հունվարի 15-ից վերսկսել են իրենց աշխատանքը, սակայն, երեխաներին կերակրելու խնդրի առաջ են կանգնել: Պատճառը սննդամթերքի համար հայտարարված, բայց չկայացած էլեկտրոնային մրցույթներն են:

NEWS.amjnews.ge     կայքից տեղեկանում է, որ արդեն երկու օր է՝ երեխաները հաճախում են մանկապարտեզ, բայց ծնողները ստիպված են կեսօրից հետո իրենց երեխաներին տուն տանել, քանի որ ճաշ չեն տալիս:

Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Զարուհի Բարբարյանը նշում է:

 «Մենք ժամանակին հայտարարել ենք սննդամթերքի ձեռքբերման մրցույթը, բայց տենդերը չկայացավ: Ըստ Վրաստանի պետական գնումների մասին սահմանված օրենքի տենդերը հայտարարելուց մինչեւ պայմանագրի կնքումը 20 օր է պահանջվում»,–ասում է Մանկապարտեզների միավորման տնօրենը՝ ավելացնելով, որ որոշակի մթերքներով մանկապարտեզներն այս պահի դրությամբ ապահովված են:

Մանկապարտեզներում տարբեր տեսակի սննդամթերքի ձեռքբերման առաջին տենդերը հայտարարվել է հունվարի 3-ին, 71 500 լարի գումարով, սակայն, այն կասեցվել է, քանի որ ուտելիքի մենյուն չի համապատասխանել Վրաստանի կառավարության N487 տեխնիկական ռեգլամենտին:

Երկրորդ տենդերը Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը հայտարարել է հունվարի 5-ին: Գյուղատնտեսական ապրանքի եւ բանջարեղենի ձեռքբերման համար՝ 6000 լարի, իսկ մսամթերքի ձեռքբերման համար՝ 44 600 լարի, որոնք չի կայացել: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի պետական գնումների կայքից, էլեկտրոնային մրցույթները չեն կայացել մասնակիցների բացակայության պատճառով:

Արդեն հաջորդ էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է հունվարի 10-ին, արդյունքները պարզ կդառնա ամսի 18-ից հետո: Տենդերի գումարը կազմում է 51 560 լարի:

Ախալքալաքում եւ գյուղերում գործող մանկապարտեզներից 6-ը սննդով են: Ինչպես տենդերներից երեւում է, դեռ պարզ չէ թե սննդով մանկապարտեզներում երեխաներին երբ ճաշ կտրվի: