Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վերականգնվել են եւ կարող են Սիրիայի օդային տարածքում խփել ցանկացած թուրքական ինքնաթիռ։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք զգուշացնում ենք, որ Սիրիայի օդային պաշտպանությունն ամբողջությամբ վերականգնել է իր հնարավորությունները եւ պատրաստ է ոչնչացնել Սիրիայի երկնքում թուրքական օդային թիրախները, ինչը նշանակում է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի դեպքում չպետք է իրենց զգան ինչպես զբոսանքի»,-ասել է Միկդադը:
Չորեքշաբթի Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Անկարան խորհրդակցություններ կանցկացնի Մոսկվայի եւ Վաշինգթոնի հետ Սիրիայի Աֆրին քաղաքում YPG քրդական զինված կազմավորումների դեմ հնարավոր գործողությունների շուրջ։
Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Թուրքիան իր զորքերը Սիրիայի հետ սահմանին բարձր մարտական պատրաստվածության է բերել:



























