Թեեւ Աֆրինայի շրջանն Ասադի ուժերի կողմից չի վերահսկվում, սակայն եթե թուրքերը պատերազմ սկսեն այնտեղ ապրող քրդերի հետ, հնարավոր է, որ վերջիններս դիմեն Ասադի օգնությանը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:
Ընդ որում, ըստ փորձագետի, միջազգային իրավունքի տեսանկյունից Անկարան պարտավոր է տեղեկացնել Սիրիայի իշխանություններին, որ մտադիր է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել: Նույն միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն` Թուրքիայի գործողությունները, եթե նա որոշի ամեն ինչ անել՝ առանց Դամասկոսի համապատասխան համաձայնության, կբնութագրվեն որպես ագրեսիա ինքնիշխան պետության նկատմամբ: «Սակայն միջազգային իրավունքն արդեն այնքան է ոտնահարվել, որ դրա մասին խոսելը պարզապես անիմաստ է, եւ ոտնահարվել է հենց ամերիկացիների կողմից», - ավելացրեց Խրամչիխինը:
Պատասխանելով հարցին՝ կաջակցի արդյո՞ք Վաշինգտոնը Թուրքիային, եթե Անկարան այնուամենայնիվ Աֆրինայում ռազմական գործողություններ սկսի, փորձագետը նշեց, որ կասկածում է, որ Սպիտակ տունն անմիջականորեն կաջակցի Անկարային, եւ ամենայն հավանականությամբ չի միջամտի: Նման քաղաքականությունը, ըստ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենի, հատուկ է ամերիկացիներին, երբ նրանց դաշնակիցներից մեկը «ռմբակոծում է» մեկ այլ դաշնակցին: «Հերթական անգամ պարզ է դառնում, թե ինչ է դաշինքը Միացյալ Նահանգների հետ: Ամերիկայի հետ դաշինքը փաստացի ինքնասպանություն է, եւ ներկայիս իրավիճակը դրա ակնհայտ հաստատումն է», - ընդգծեց ռազմական փորձագետը` հիշեցնելով Սիրիայի քրդերի դաշինքը Միացյալ Նահանգների հետ:
Իրավիճակը, ինչպես նշեց Ալեքսանդր Խրամչիխինը, բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ Սիրիայի տարածքը դեռեւս ամբողջությամբ չի վերահսկվում կառավարական զորքերի կողմից: Այնուամենայնիվ, չնայած դրան, Թուրքիան այնքան էլ ուժեղ չէ՝ Աֆրինայում հաղթանակ տանելու համար՝ առավել եւս հաշվի առնելով այն փաստը, որ քրդերը, այնուամենայնիվ, կորոշեն աջակցել սիրիական բանակին եւ թուրքերի դեմ համատեղ պայքար կսկսես:
Այս ամենը, փորձագետի կարծիքով, շատ կատաղի ու արյունալի մարտերի կարող է հանգեցնել` բազմաթիվ զոհերով երկու կողմերից էլ: «Սիրիայում, սակայն, մի շարք շահեր են բախվել, այստեղ հակասությունների շատ բարդ կծիկ է, ուստի ինձ դժվար է որեւէ բան կանխատեսել՝ թեկուզ միայն այն պատճառով, որ ամեն ինչ չափազանց բազմակողմանի եւ երկիմաստ է», - եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ երկրի օդային պաշտպանության ուժերը լիովին վերականգնվել են եւ կարող են ցանկացած թուրքական ինքնաթիռ խոցել Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածքում: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ՝ սիրիական Աֆրինայում քրդերի զինված խմբավորումների դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնց ահաբեկչական է համարում:



























