Սիրիայում կենդանի մնացած ջիհադիստները հավաքվում են Կենտրոնական Ասիայում, այդ թվում Աֆղանստանի հյուսիսում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության հարցերով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ- ը:

«Աֆղանստանի հյուսիսը դառնում է միջազգային ահաբեկչության հենակետ, ԻՊ-ի աֆղանական թեւի գլխավորությամբ, որը ձեւավորում է տարածաշրջանում ապակառուցողական մտադրությունների իրականացման համար ցատկահարթակ «խալիֆայության» տխրահռչակ գաղափարախոսության ոգով»,-ընդգծել է նա:

Նախարարը նշել է, որ երկրում թմրանյութերի արտադրությունը խթանում է միջազգային ահաբեկչությանը, որի աննախադեպ աճը նկատվել է 2017 թվականին:

«Անցյալ տարի Աֆղանստանում թմրանյութերի արտադրության աննախադեպ աճ է եղել», - ասել է նա:

«Այս սպառնալիքը կանխելու համար անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել: Այն սնուցում է միջազգային ահաբեկչությանը, վտանգում է պետությունների կայունությունը, երիտասարդ սերնդի առողջությունը, հանցագործության ու կոռուպցիայի պատճառ է դառնում », - ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Մոսկվան կողմ է ՄԱԿ կողմից մշակված չափանիշների հիման վրա Քաբուլի եւ թալիբների միջեւ ուղիղ բանակցությունների հրատապ մեկնարկին: