Րաֆֆի Հովհաննիսյանը չի լքել «Ժառանգություն» կուսակցությունը եւ հանդիսանում է նրա շարքային անդամը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: Նա հերքել է կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանի տարածած տեղեկատվությունը, թե Հովհաննիյանը լքել է կուսակցության շարքերը եւ ընդհանրապես մեծ քաղաքականությունը: «Դա հերթական սուտն է, որը տարածել են „Ժառանգությունից“ հեռացված անդամները: Րաֆֆի Հովհաննիսյանը եղել եւ մնալու է „Ժառանգություն“ կուսակցության անդամ»,- հայտարարել է Խուրշուդյանը: Այդուհանդերձ, արդեն մի քանի օր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, եւ ոչ ոք նրա մոտ շրջապատից եւ կուսակիցներից չգիտի, թե երբ նա կվերադառնա:

Նշենք, որ օրերս Զոյա Թադեւոսյանը հրապարակել է Ր. Հովհաննիսյանի հրաժեշտի նամակը, որում, ըստ նրա, Հովհաննիսյանը դիմել է իր կուսակիցներին. «Մնացածը թողնում եմ Ձեզ: Արեք ինչ ուզում եք»,- ասված է Թադեւոսյանի կողմից հրապարակած նամակում: Հիշեցնենք, որ Զոյա Թադեւոսյանին, Վարդան Խաչատրյանին ու Մովսես Արիստակեսյանին հեռացրել էին կուսակցությունից, մեղադրելով նրանց՝ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի օգտին լրտեսության մեջ: