Save the Children միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, հայտարարել է, որ չորեքշաբթի առավոտյան Ջալալաբադում իր գրասենյակի վրա հարձակումից հետո դադարեցնում է գործունեությունն Աֆղանստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս կապակցությամբ Աֆղանստանում մեր բոլոր ծրագրերը ժամանակավորապես դադարեցվել են, գրասենյակները փակ են»,- նշվում է կազմակերպության թվիթերյան էջում արված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն կազմակերպության գրասենյակի մոտ, ինչից հետո շենքի տարածք զինված մարդկանց խումբ էր ներխուժել: Հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել, 20 մարդ վիրավորվել է:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: