ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երեւանում 2 անձի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։
2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 եւ 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երեւանի «Կոմիտասի» անվան այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երեւանի բնակիչ՝ ծնված 1993թ., պարզվել երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որը վերաբերում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքին։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




























