Երեւանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարնում այսօր՝ հունվարի 25-ին, դատական նիստերի մեծ մասը չեն կայանում: Խնդիրն այն է, որ այսօրվանից նոր օրենսդրական կարգավորումներով ստեղծվել է մեկ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ բոլոր դատավորների լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է տեղի ունենար զոքանչին կացնահարելով սպանելու մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Սակայն, կողմերը միայն դատարանի շենք հասնելուց հետո իմացան, որ նիստը չի կայանալու՝ Դավիթ Բալայանի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման հիմքով:
Նշենք, որ Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձեւավորված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոր օրենսդրական կարգավորումներով ստեղծվում է մեկ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, իսկ վարչական շրջանների դատարանները լուծարվում են։ Մարչական շրջանների դատարանները դառնալու են պարզապես Երեւանի դատարանի նստավայրեր։
Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահն էր։




























