Հայաստանի ներքաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Կոռուպցիան, ըստ նրա, հիվանդություն է եւ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար: «Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է ՀՀ նախագահը, ցավոք, կոռուպցիան բնորոշ է ոչ միայն Հայաստանի նման զարգացող երկրներին: Այն բնորոշ է նաեւ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններին, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, եւ Ստրասբուրգում ՀՀ նախագահն ափսոսանք է հայտնել առ այն, որ մենք ականատես եղանք այս կառույցի արժեհամակարգային ճգնաժամին», - ասել է Շարմազանովը` ակնարկելով ԵԽԽՎ-ի մի շարք պատգամավորներին ադրբեջանական իշխանությունների կողմից կաշառքների բաժանման շուրջ սկանդալը:




























