Ֆրանսիայում առաջարկել են պատժել կանանց մարմնի հատվածների կամ արտաքին տեսքի վերաբերյալ անպարկեշտ մեկնաբանություններ թողնող տղամարդկանց: Այս մասին նշվում է կառավարական նոր զեկույցում, փոխանցում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ նրանց համար, ով կարող է անմիջապես վճարել, տուգանքի նվազագույն չափը 90 եվրո կկազմի: Նրանք, ովքեր 15 օրվա ընթացքում կվճարեն, ստիպված կլինեն 135 եվրո տալ, իսկ նշված ժամկետից ուշացածները 375 եվրո կվճարեն:

Կտուգանվեն նաեւ այն տղամարդիկ, ովքեր հետապնդում են կանանց, փակում նրանց ճանապարհը եւ թույլ չեն տալիս անցնել: Կառավարությունում պատմել են, որ փաստաթղթի հիմնական նպատակը սեքսիզմի դեմ պայքարն է ֆրանսիական քաղաքների փողոցներում:

Օրինագծի հեղինակը կանանց եւ տղամարդկանց հավասարության հարցերով պետական քարտուղար, ֆեմինիստ Մարլեն Շյապպան է: Նշվում է, որ մոտ ապագայում փաստաթուղթը կարող է ուղարկվել խորհրդարանի հաստատմանը: