Անհամեմատելի է այսօրվա Հայաստանը եւ մի քանի տարի առաջվա Հայաստանը եվրոպացիների աչքերով։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը հիշեցրել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերը, թե բոլոր ուղղություններով Հայաստանը այլ ճանապարհի վրա է։ «Առհասարակ, Հայաստանը իր արժեքային համակարգերով Եվրոպայի անդամ է»,- նշել է Շարմազանովը՝ միաժամանակ հիշելով Ռուսաստանին. «Բնականաբար, մեզ համար թանկ ու կարեւոր է ՌԴ հետ դաշնային հարաբերությունների զարգացումը, մենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք, բայց ինչպես նշեց նախագահը, դրանք իրար չեն հակադրվում»։

Ըստ ԱԺ փոխնախագահի, մեզ համար շատ թանկ ու կարեւոր են նաեւ Իրանի հետ հարաբերությունները։ «Չնայած Ադրբեջանի սին փորձերին կրոնական երանգ հաղորդել ղարաբաղյան հակամարտությանը, Իրանը երբեք չմտավ հակամարտության մեջ»,- ասել է նա։