2018 թվականի ապրիլից հետո վարչապետի նշանակման հարց ՀՀԿ-ն չի քննարկել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Կառավարության ձեւավորման, վարչապետի, առաջին փոխվարչապետի նշանակման հարց մինչ օրս մենք չենք քննարկել»,- ասել է Շարմազանովը։ Նրա խոսքով, թե անվտանգության խորհրդի մասին օրենքը, թե կառավարության կառուցվածքի մասին օրենքը, թե առաջին փոխվարչապետի առկայությունն արված չէ այս կամ այն անձի համար։ «Դրա հիմքում պետության արդյունավետ կառավարումն է»,-ասել է նա։
Մեկնաբանելով տեղեկությունները, թե օրենսդրական փոփոխություններն արվում են, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, իսկ Կարեն Կարապետյանը՝ առաջին փոխվարչապետ, Շարմազանովն ասել է. «Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար ժողովրդի ու պետության շահերի համար»։




























