Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մտադիր է անվտանգության հարցեր քննարկել եւ, մասնավորապես, Ուկրաինային զենքի մատակարարումը, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք կքննարկենք Միացյալ Նահանգների հետ համագործակցության տարբեր ասպեկտները», - ասել է նա: «Դրանք տնտեսության, անվտանգության, Ուկրաինայի համար պաշտպանական սպառազինությունների, մեր բարեփոխումներին ԱՄՆ աջակցության եւ անվտանգության ապահովման հարցերն են, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղապահների տեղակայումը»:

Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՀ-ի հերթական տրանշը շուտով կտրամադրվի Ուկրաինային: «Մենք կատարել ենք բոլոր պայմանները եւ հուսով ենք, որ դա տեղի կունենա տարվա առաջին կեսին», - ասել է նա: