«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանության գործով նիստն այսօր՝ հունվարի 26-ին, չկայացավ:  NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ալբերտ Քարամյանը նշեց, որ տուժող կողմը նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է:  Նշենք, որ այս գործով դատաքննությունն ընթանում է  Երեւանի կենտրոն եւ նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հրանտ Համբարձումյանը 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից եւ բուժման անարդյունք մեթոդիկայից, թուղթ կտրելու դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հոգեբան Ռուբեն Պողոսյանի դեմքի եւ պարանոցի շրջանում:

Նշանակված դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության համաձայն՝ Հրանտ Համբարձումյանը տառապել եւ տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւ ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ եւ իրավախախտումը կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան ճանաչել են անմեղսունակ:

Քննիչը որոշում է կայացրել քրեական գործով Հ.Համբարձումյանի  նկատմամբ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ: Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: