Հայաստանում 2017 թվականին 14.619 արտակարգ դեպք է գրանցվել: Այս ցուցանիշը 2016-ի համեմատ ավելացել է 12.5 տոկոսով կամ 1627 դեպքով: Այդ մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911 ծառայություն) պետ, փրկարարական ծառայություն գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Նրա խոսքով՝ արտակարգ միջադեպերի հետեւանքով անցյալ տարվա ընթացքում 356 մարդ է մահացել (2016-ին՝ 354 մարդ), 10 688 մարդ վիրավորվել է (2012-ին` 9232 մարդ):

«Դրանց հիմնական մասը տեխնոծին, կամ սոցիալ-կենսաբանական պատահարներ են: Մասնավորապես, աճել է հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների եւ թունավորումների թիվը, որոնք կազմում են 2017-ի ընթացքում արտակարգ իրավիճակների ընդհանուր թվաքանակի 95 տոկոսը: Միջադեպերի այս տեսակի հետեւանքով զոհերի թիվը ավելացել է 0.06 տոկոսով, տուժածների թիվը՝ 15.8 տոկոսով»,- նշեց  Հովհաննես Խանգելդյանը:

Միեւնույն ժամանակ, Արտակարգ իրավիճակների նախարարությանը անցյալ տարի հաջողվել է 240 մարդ փրկել, ինչը 46 տոկոսով ավել է, քան 2016 թվականին: Բացի այդ, անցյալ տարվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (911) 2 109 հազար ահազանգ է սպասարկել, իսկ արտակարգ իրավիճակի վայրեր ժամանումների թիվը հասել է 22 103 հազարի:

«Այս ցուցանիշները վկայում են, որ բնակչությունը ավելի հաճախ է սկսել դիմել արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություններին», - ամփոփեց Կենտրոնի ղեկավարը: