2017 թվականին Հայաստանում 5531 հրդեհ է տեղի ունեցել, ինչը 19.8 տոկոսով ավել է, քան 2016 թվականին: Հունվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911) ղեկավար, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ հրդեհների հետեւանքով ընդհանուր առմամբ 6 մարդ է մահացել (2016-ին՝ 27 մարդ), տուժել է 54 մարդ (2016-ին՝ 46 մարդ): ԱԻՆ-ի աշխատակիցներին հրդեհներից հաջողվել է փրկել 6 մարդու (2016-ին՝ 9 մարդու):

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 2017 թվականին Երեւանում 1986 հրդեհ է գրանցվել (7.5 տոկոս աճ) սակայն 2012-ի համեմատ մայրաքաղաքում հրդեհների թիվը 3 անգամ նվազել է: Կոտայքի մարզում հրդեհների 876 դեպք է գրանցվել, Լոռու մարզում` 442, Սյունիքում`422: