2017 թվականին Հայաստանում գրանցվել է թունավորման 4695 դեպք, որոնց թիվը 2016-ի համեմատությամբ 10,4 տոկոսով մեծացել է: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի թունավորումներից մահացածների թիվը հասել է 41-ի (մեկ տարի առաջվա 38-ի դիմաց), իսկ տուժածների թիվը կազմել է 5319 (մեկ տարի առաջվա 4685-ի դիմաց): Հաջողվել է փրկել 5-ին (անցյալ տարվա 2-ի դիմաց):
«Մեծ մասը բաժին է ընկել արդյունաբերական եւ կենցաղային թունավորումներին, մասնավորապես՝ քիմիական թունավորումից մահացել է 19 մարդ, տուժել՝ 782, ալկոհոլային թունավորումից տուժել է 1424 մարդ, դեղորայքային թունավորումից՝ 936»,- նշեց նա:.
Մայրաքաղաքին է բաժին ընկել թունավորումների ամենամեծ թիվը՝ 3215 դեպք, որին հաջորդում են՝ Արմավիրի մարզը՝ 440, Արարատի մարզը՝ 250, Կոտայքի մարզը՝ 230:
Կենդանիների խայթոցից մահացել է 3 մարդ, մեկը կարիճի խայթոցից եւ 2-ը՝ օձի:




























