Հունվարի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մեկնեց Լոռու մարզի Թումանյան համայնք՝ հետեւելու այնտեղ առկա ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շարունակվում են տեղամասում  ջրի ելքերի դիտարկման աշխատանքները: Սողանքային լանջի կայունացման համար որոշում է կայացվել հեռացնել գրունտային ջրերը հորիզոնական հորատման միջոցով:  Հորատման կետերը որոշվել են ինժեներաերկրաբանական հետազոտության միջոցով: Տեղում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ հորատման տեխնիկան տեղ հասցնելու ուղղությամբ:

ԱԻ նախարարի հրամանով՝ տեղում ծավալված շտաբում նախարարն անցկացրեց  սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքների հետագա կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը,  «Վեոլիա ջուր», «Հարավկովկասյան երկաթուղի»  եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների ներկայացուցիչները:  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սողանքային մարմնի կայունացմանն ու հետագա տարածման ռիսկերի չեզոքացմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը շարունակում է տեղում աշխատել շուրջօրյա հերթապահության ռեժիմով: 

Հիշեցնենք, որ Թումանյան համայնքում օրերս ակտիվացած սողանքի հետեւանքով ձորալանջի մի մեծ հատված փլուզվել եւ վտանգավոր իրավիճակ էր ստեղծել տեղանքի երկաթգծի եւ Մ6 մայրուղու համար: