Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաեւ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում 2017 ուսումնական տարվա մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Զեկույցում նշվել է, որ անցած ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանը, մարտական հերթապահության կրման պայմանների եւ ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել նաեւ պաշտպանության նախարարի տեղակալները, ովքեր, ըստ համապատասխան ուղղությունների, ներկայացրել են 2017 թվականի ընթացքում իրականացված միջոցառումներն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ամփոփելով 2017 թվականը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր առջեւ դրված խնդիրները, ընդ որում՝ կյանքի են կոչվել մի շարք նոր ու բացառիկ ծրագրեր: Նախարար Սարգսյանը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարեւոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու եւ զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարեւորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Հիմնադրամ, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերում հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Լուծվել է նաեւ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթեւան ընտանիքների բնակավորման հարցը:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաեւ առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարին առանձնացել է ռազմակրթությանը վերաբերող բարեփոխումներով, որոնց մեկնարկը տրվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` նոր ու գերժամանակակից պայմաններով ուսումնական համալիր տեղափոխությամբ: Առաջիկայում կվերակառուցվի եւ կվերազինվի նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաեւ տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոդրոշներ է հանձնել լավագույն զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներին: Գերատեսչական մեդալներով ու խորհրդանշական նվերներով պարգեւատրվել են նաեւ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք սպաներ: