Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցած յուրացումների  գործն ուղարկվել է դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ թանգարանի հաշվապահ Լուսիկ Հունանյանն իր վատ ֆինանսական դրությունը բարելավելու և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում իրենից բռնագանձման ենթակա գումարները վճարելու նպատակով թանգարանից յուրացում է կատարել: Այսպիսով, 2015թ. մայիսի 4-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ, 2016թ. բյուջետային տարում և մինչեւ 2017թ.-ի հոկտեմբերի 6-ի բյուջետային տարում 936 հազար դրամ է փոխանցել ԴԱՀԿ ծառայության բանկային հաշվին: Թանգարանի գլխավոր հաշվապահը հավաքարար Լիդա Հակոբջանյանի ու իր բանկային հաշիվներին պարբերաբար փոխանցել է ընդհանուր 2 մլն դրամ, որն անձամբ կանխիկացրել է և յուրացրել: Այդ կերպ Լուսիկ Հունանյանն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է շուրջ 3 մլն դրամ:

Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ թանգարանի արդեն նախկին տնօրեն Կամո Սահակյանին եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Ս.-ին: Նրանք մեղադրվում են փոխանցման ենթակա գումարների չափի համադրումներ չկատարելու, փոխանցումներն ապահովող ծրագրում տվյալների արժանահավատությունը չստուգելով դրանք հաստատելու և Լուսիկ Հունանյանին վստահելով՝ բանկին ուղարկելը թույլատրելու միջոցով դրսևորել են անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք իրենց աշխատանքի նկատմամբ և իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա նոյեմբերին NEWS.am-ը հայտնել էր, որ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում յուրացում է եղել: Իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ այս թանգարանի աշխատակիցներից մեկը տարիների ընթացքում խոշոր չափի գումար է յուրացրել: Խոսքն, ըստ նախնական տեղեկությունների, շուրջ 3 մլն դրամի մասին է:

Հետաքրքիր է, որ այս թանգարանի տնօրեն Կամո Ստեփանյանին վերջերս աշխատանքից ազատել են, քանի որ «պարզվել է»՝ համապատասխան դիպլոմ չունի: