Ուկրաինան եւ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հանձնաժողովի աշխատանքը կվերսկսեն: Այս մասին Դավոսում լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Այսօր մենք պայմանավորվեցինք վերսկսել ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը: Մարտին կլինի 10 տարի, ինչ այն հիմնադրվել է: Երկար ժամանակ ոչ մի հանդիպում չի եղել, եւ այս հանձնաժողովը մարտին կկայանա», - ասել է նա:

Ըստ նախագահի՝ կձեւավորվեն մի քանի խմբեր, որտեղ կքննարկվեն նաեւ հետագա ուկրաինական բարեփոխումները:

 «Դա մեզ շատ է պետք:  Ուկրաինան կարող է օգնության համար համապատասխան փորձագետների հրավիրել եւ մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից», - հավելել է նա:

Բացի այդ, Պորոշենկոն պայմանավորվել է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ պաշտպանական ոլորտում գործողությունների համակարգման մասին: