Ֆրանսիան չի մասնակցելու Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, որը անցնելու է Սոչիում, այս մասին հունվարի 29-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Ֆրանսիայի ԱԳ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ժիորժինին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ցավում ենք, որ Բաշար Ասադի վարչակազմը նորից հրաժարվել է մասնակցել ժնեւյնան գործընթացի շրջանակում միջսիրիական բանակցություններին։ Նա է պատասխանատու խաղաղ բանակցությունների արգելափակման համար։ Հենց նրան աջակցող երկրները պետք է անհրաժեշտ ճնշում գործադրեն խոչընդոտման այս ռազմավարությանը վերջ տալու համար»,- հայտնել է Ժիորժինին։
Նա նշել է, որ «ՄԱԿ հովանու ներքո բանակցությունները սիրիական ճգնաժամի կարգավորման համար միակ լեգիտիմ բանակցություններն են»։ «Բոլոր մյուս նախաձեռնությունները, ինչպես նաեւ Սոչիում հանդիպումը, որը Ռուսաստանն է կազմակերպում, պետք է աջակցեն ՄԱԿ գործընթացը ու համապատասխանեն դրա շրջանակներին։ Իրականում չկա այլընտրանք այն քաղաքական կարգավորմանը, որը համաձայնեցվել է երկու կողմերի՝ վարչակազմի ու ընդդիմության միջեւ՝ ՄԱԿ հովանու ներքո։ Մենք ի գիտություն ենք ընդունել սիրիական ընդդիմության որոշումը՝ չմեկնել Սոչի։ Ֆրանսիան չի մասնակցելու այնտեղ ծրագրվող աշխատանքներին»,- հավելել է դիվանագետը։




























