Ուրարտական Օձաբերդ հուշարձանի պեղումները, որոնք 2017-ին են իրականացվել, ցույց են տվել, ո ր ամրոցի տարածքում կյանքը շարունակվել է նաեւ Վանի թագավորության անկումից հետո, Երվանդունիների կառավարման ժամանակաշրջանում։ Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի պատմամշակութային հուշարձան- արգելոցների ու պատմական միջավայրի պաշտպանության ծառայության գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։
Նրա խոսքով՝ Միքայել Բադալյանի ղեկավարած գիտարշավին մասնակցել են Իրանից, Ռուսաստանից ու Ավստրալիայից ժամանած գործընկերներ ։
Օձաբերդը գտնվում է Սեւանա լճի ափին, Ծովինար ու Արծվանիստ համայնքների միջեւ։ Այստեղ պահպանվել է Ռուսա առաջինի սեպագիր արձանագրությունը՝ լճի մոտ 4 ցեղախմբերի ու լեռներից այն կողմ 19 ցեղախմբերի նվաճման մասին։ Քաղաքը կոչվում է Թեյշեբաինի ՝ տարերքների ու պատերազմի աստծո անունով։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, ամրոցի սահմաններից դուրս հայտնաբերվել է մեծ քաղաքային թաղամաս, որը գոյություն է ունեցել նաեւ Երվանդունիների դարաշրջանում։ Հնագետի խոսքով՝ Հայաստանի տարածքում այդ ժամանակաշրջանի շատ սակավաթիվ հնագիտական վկայություններ են պահպանվել ։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք այդ վայրում կլիման այն ժամանակներում ավելի մեղմ է եղել՝ Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ հողի շերտի հետազոտությունները ցույց են տալիս, որ այստեղ առանձնահատուկ կլիմայական փոփոխություններ չեն եղել։ Բայց եղել է ուժեղ աղետ՝ Ք․ա 11-12-րդ դարերում՝ Նորատուս գյուղի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Սեւանա լճում էր գտնվում, ինչի հետեւանքով Գեղամա լեռնաշղթայում գոյացել է ճաք, որը կլանել է այն ժամանակ Սեւան հոսող գետերը։ Այնպես որ Գեղամա լեռնաշղթայի լանջերին գտնվող բնակավայրերը ոչնչացել են, մնալով առանց ջրի։




























