Պաշտոնական այցով ԱՄՆ է պատրաստվում այցելել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարի առաջիկա այցի հետ կապված հարցերն են սեպտեմբերի 11-ին քննարկվել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման ժամանակ։

Ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգի ձեւավորումն ու 2009 թվականի մայիսին տեղի ունեցած նախորդ նիստի արդյունքներով ստորագրված Գործողությունների ծրագրում ամրագրված կետերի կատարման ընթացքը։

Կողմերն արդրադարձել են նաեւ առողջապահության, կրթության, հակակոռուպցիոն ռազմավարության, առեւտրի, արտահանման, ներդրումների ոլորտներում աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են Գործողությունների ծրագրով։