Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում աջակցություն է հայտնել Աֆրինի գործողությունը քննադատող թուրք բժիշկներին։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Կյանքը պաշտպանելը հանցանք չէ։ Պատերազմը պաշտպանելն է հանցանք»։ Կարո Փայլանը այս գրությանը ավելացրել է հեշթեգ՝ «Թուրք բժիշկների միության կողքին ենք» գրությամբ։
Նշենք, որ «Թուրք բժիշկների միության» անդամները դատապարտել էին Աֆրինի գործողությունը՝ նշելով, թե բժիշկը չի կարող պաշտպանել պատերազմը։ Իշխանությունները նրանց դավաճան են հայտարարել, որից հետո ոստիկանները ձերբակալել են 11 բժիշկ։




























