Գերմանիայի հեռուստատեսությամբ ցուցադրել են երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճը: Քրիստոնեական կուսակցությունների բլոկից հանդես է եկել Անգելա Մերկելը, իսկ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից` Վալտեր Շտայնմայերը: Հեռուստաբանավեճը տեւել է 90 րոպե, որի ընթացքում թեկնածուներին հարցեր են ուղղել երկրի առաջատար 4 հեռուստալրագրողներ:
Հարցումներում վստահորեն առջեւում է Մերկելը, սակայն նրա հաղթանակը հեռուստաբանավեճում այնքան էլ ակնհայտ չէր. Հեռուստադիտողների 37 տոկոսը կարծում է, որ Անգելա Մերկելը հաղթողի վիճակում է եղել հեռուստաբանավեճում, այնինչ Շտայնմայերին հաղթող է համարել 35 տոկոսը: Ավելին, բլից հարցման տվյալներով, բանավեճում հաղթել է Շտայնմայերը:
Հարցվածների 31 տոկոսը կարծում է, որ հեռուստաբանավեճում ավելի վստահ էր երեւում Շտայնմայերը, այն դեպքում, երբ 28 տոկոսն իր նախընտրությունը տվել է Մերկելին: Հեռուստադիտողների 40 տոկոսը տարբերություն չեն տեսել բանավեճի կողմերի պատասխաններում: Դեռեւս իրենց քաղաքական հայացքներում չկողմնորոշված հեռուստադիտողների մեջ տարբերությունն ավելի ակնհայտ է: Նրանց 34 տոկոսը նախընտրությունը տվել է Շտայնմայերին, իսկ 18 տոկոսը` Մերկելին: Միաժամանակ հարցվածների 48 տոկոսը համարել է, որ բանավեճում երկուսն էլ միանման են հանդես եկել:
Հեռուստաբանավեճից հետո Մերկելի մասին կարծիքները բարելավվել են հարցվածներից միայն 13 տոկոսի մոտ, իսկ Շտայնմայերի մասին` 48 տոկոսի մոտ:
Հիշեցնենք, որ Forsa ինստիտուտի անցկացրած վերջին տվյալներով, Մերկելի գլխավորած խմբակցության օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 35 տոկոսը, իսկ փոխկանցլեր եւ ԱԳ նախարար Շտայնմայերի կուսակցության օգտին` 21 տոկոսը: «Աջերը» եւ Ազատ ժողովրդավարական կուսակցությունը կարող են ընտրություններում ստանալ 14 տոկոս, «Կանաչները»` 10 տոկոս, իսկ մյուս կուսկացությունները միասին վերցրած 6 տոկոս:



















