Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին խորհուրդ են տվել չկերակրել Պալմերսթոն կատվին, քանի որ նա սկսել է վատ որսալ մկներին, հաղորդում է The Telegraph-ը։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի մշտական տեղակալ Սայմոն Մակդոնալդը ծառայողական գրառում է ուղարկել գերատեսչության աշխատակիցներին, որում խնդրում է չկերակրել կատվին, քանի որ վտանգ կա, որ նա կդադարի մկներ որսալ։

Պարբերականի ԱԳՆ աղբյուրները  հայտնել են, որ աշխատակիցների մեծամասնությունը չի նկատում Պալմերսթոնի քաշի ավելացումը, սակայն ղեկավարությունը ջանում է հետեւել կատվի ընդունած կալորիաներին։

Պաշտոնական տվյալներով՝ Պալմերսթոն կատուն ԱԳՆ-ում հայտնվելուց ի վեր (2016 թվականի ապրիլ) որսացել է 27 կրծող, սակայն այս տվյալները ճշգրիտ չեն, քանի որ աշխատակիցները միշտ չէ, որ նկատում են կատվի հաջողությունները։

Պալմերսթոնը գլխավորում է  Ֆորին օֆիսում մկների դեմ պայքարը այն բանից հետո, երբ նրան գտել էին փողոցում, իսկ տերերը չեն հայտնվել։ Նրան անվանակոչել են 19-րդ դարի հռչակավոր անգլիական դիվանագետ լորդ Պալմերսթոնի պատվին։